Ֆուտբոլի Ռուսաստանի Դաշնության ընտրանին երեք տարի մարզելուց հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվեց Ֆաբիո Կապելոն: Նա երկրի հավաքական էր հրավիրվել «Եվրո-2012»-ում հավաքականի ձախողված մրցելույթներից հետո, թեպետ ռուսական ֆուտբոլի այս պայմաններում, իրատես լինենք, մեկ ութերորդ դուրս գալը դժվար է ձախողում համարել: Բայց դե Ռուսաստանը շատ ու շատ չափորոշիչներով հզոր երկիր է, բնականաբար ախորժակն էլ տեղն է և ցանկանալ ուժեղ լինել նաև ֆուտբոլում, վատ բան չէ: Այլ հարց, որ ցանկություններն ու հնարավորությունները միշտ չեն մեկտեղվում: Ինչևէ: Կապելոն հավաքականի ղեկին հրավիրվեց ոչ միայն անցյալի սխալները շտկելու համար. թիրախն ավելի շատ 2018-ին կայանալիք աշխարհի առաջնությունն էր, մանավանդ որ այն անցկացվելու է Ռուսաստանում:
Կապելոյի աշխատանքի արդյունավետության առաջին ցուցիչը պիտի որ լիներ Ռուսաստանը 2014-ի աշխարհի առաջնությունում ինչ-որ հաջողության հասցնելը: Հայտնվելով բնավ էլ ոչ բարդ խմբում՝ հավաքականը խմբայինում չկարողացավ և ոչ մի հաղթանակ տոնել ու բնականաբար մրցաշարը լքեց արդեն իսկ խմբային փուլից: Սպասված քննադատությունը, ընդ որում՝ արդարացված, իրեն չուշացրեց: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հավաքականի համար ստեղծված էին նորմալ գործունեության բոլոր պայմանները, Կապելոն ամեն ինչում ուներ բացարձակ մենիշխանություն, նրա ֆինանսական բոլոր պահանջները բավարարված էին (համաշխարհային ֆուտբոլում ամենաբարձր վարձատրվող մարզիչն էր), իսկ արդյունք չկար:
«Եվրոպա-2016»-ի նախընտրական փուլը վատ չսկսվեց հավաքականի համար, սակայն հետո ամեն ինչ չէ, որ հարթ ընթացավ: Հատկապես ցավալի եղան պարտությունները Ավստրիայի հավաքականից, ինչը նշանակեց, որ խիստ աղոտ է դառնում աշխարհամասի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելը: Ռուսներն առանց վայրկյան իսկ ուշացնելու կհրաժարվեին իտալացի մասնագետի ծառայություններից, սակայն պայմանագիրը դոն Կապելոն չափազանց խելոք էր կապել: Փաստը մնում է փաստ, որ արդյունք ցույց չտալու համար էլ մարդը կարող է վճարվել: Կապելոյինն այդ դեպքերից է: ՈՒ նրա համար ի՞նչ նշանակություն ունի, որ այլևս Ռուսաստանի հավաքականի գլխավորը չէ: Հավատացեք՝ նա այդ վշտին մի կերպ կդիմանա օրինական հասանելիք հարյուրավոր միլիոններ կազմող ռուսական ռուբլիների բերած հաճույքները վայելելիս: Ինչո՞վ ապահովված ծերություն չէ:
Ծերությունը՝ ծերություն, առավել ևս ապահովված, սակայն այդուհանդերձ հարց է առաջանում, թե ինչու իտալացի մասնագետը ռուսների հետ հաջողության չհասավ: Ֆուտբոլային աշխարհում Կապելոն անուն ունեցող մասնագետ է: Մարզչի որակում ակումբային մակարդակով նա ինը հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի ու Իտալիայի առաջնություններում, փոխնիփոխ հաջողությամբ մարզել է Անգլիայի ընտրանին: Ռուսաստանի հավաքականի հետ չստացվեց, որովհետև նախկին աշխատեղերում Կապելոն գործ է ունեցել բարձրակարգ ֆուտբոլիստների հետ, որպիսիք, ցավոք, Ռուսաստանում չկան: Ի սկզբանե պայմանավորվենք՝ մեկ-երկուսը թիվ չէ: Եթե տալիս ես հանձնարարություն ու այն իրականացնելը դիմացինի հնարավորություններից վեր խնդիր է, ուզում ես Կապելո եղիր, ուզում ես բարձրանուն մեկ այլ մարզիչ, ի՞նչ կարող ես անել, բացի հեռանալուց: Եվ նա հեռացավ: Իսկ թե ով կլինի Ռուսաստանի ընտրանու նոր մարզիչը, իմանալու համար քիչ ժամանակ է մնացել: Բոլոր դեպքերում կարծում ենք, որ լինելու է ռուսաստանցի: Եթե ուրիշ բան էլ չլինի, ծախսը քիչ կլինի: Սարգիս Հովսեփյանի օրինակը` ձեզ օրինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ